Բաժիններ

Ալմաթիում գրավոր պարտավորություներն ամրագրելու հույս կա․ Միրզոյանը խոսել է Բայրամովի հետ սպասվող հանդիպման մասին

Ալմաթիում գրավոր պարտավորություներն ամրագրելու հույս կա․ Միրզոյանը խոսել է Բայրամովի հետ սպասվող հանդիպման մասին

այաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն Ալմաթիում տեղի կունենան մայիսի 10-ին։ Բուդապեշտում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է սպասվող հանդիպմանը, հույս հայտնելով, որ այդ օրը կքննարկվի երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հարցը։

Մինչ այդ, Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Օրակարգում ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր են եղել, տարածաշրջանային թեմաներ։

Հանդիպումից հետո Միրզոյանը և Սիյարտոն Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Մայիսի 10-ին Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի ու Բաքվի պարտավորությունները, հույս է հայտնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Պաշտոնական այցով Բուդապեշտում գտնվող Միրզոյանը Հունգարիայի արտաքին գործեր Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Ալմաթիում սպասվող բանակցություններին՝

«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով։ Մեզ արդեն հաջողվել է համաձայնության գալ բազմաթիվ հարցերի շուրջ։

Նաև գիտեք, որ մեր սահմանային հանձնաժողովներն են հանդիպում և, ըստ էության, սկսել են սահմանազատման գործընթացը։ Մեր երկրների ղեկավարներն են հանդիպել և համաձայնության են եկել բազմաթիվ հարցերի շուրջ, և ամենակարևորը այն է, որ կողմերը վերահաստատում են փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 1991 թ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, և նաև սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, և սա ամրագրված է նաև սահմանային հանձնաժողովների աշխատանքում։ Ուզում եմ զգուշորեն լավատեսություն հայտնել, որ իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցություններում կհաջողվի համաձայնության հասնել, կամ այս նույն բանն արտացոլել նաև «Խաղաղության պայմանագրում», և դրանից հետո ես կարող եմ ասել, որ մենք շատ մոտ կլինենք վերջնական կարգավորմանը»։

Խոսելով պայմանավորվածությունների մասին, Արարատ Միրզոյանը, սակայն, հստակեցրեց, որ տրանսպորտային ենթակառուցվածների ապաշրջափակման հարցում լիարժեք փոխըմբռնում չկա․

«Հայաստանը շահագրգռված է բացել տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ՝ հիմնված երկրների սուվերենության, ազգային իրավազորության վրա՝ փոխադարձության և հավասարության սկզբունքնրին համաձայն։ Այս հարցերում, կարծում եմ՝ ուշ, թե շուտ կհաջողվի գալ համաձայնության, քանի որ երկրների ղեկավարների և փոխվարչապետների դեպքում որոշակի փոխըմբռնում կա, և եթե մեզ հաջողվի այս ամենն արձանագրել «Խաղաղության պայմանագրում», կարող ենք ասել, որ հասնում ենք տեղ երկարատև խաղաղության հաստատման առումով»։

Խոսելով այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն շեշտեց, որ ողջունելի է Հայաստանի ու Ադրբեջանի կողմից խաղաղության հասնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը․

«Մենք ողջունում ենք Հայաստանի ու Ադրբեջանի կողմից զգալի քայլերը, որոնց ականատեսն ենք եղել՝ դեպի խաղաղություն, որպեսզի ապահովեն երկարաժամկետ ու կայուն խաղաղությունը տարածաշրջանում և այնտեղ ապրող մարդկանց համար։ Հունգարիան այս դեպքում կցանկանար աջակցել խաղաղ ջանքներին»։

Հունգարիայի արտգործնախարարը ուրախալի համարեց, որ 15 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի հետ իր երկրի հարաբերությունները ջերմանում են։ Նա նշեց, որ նպատակ կա երկու երկրներում դեսպանատներ բացել։

Հայաստանն ու Հունգարիան համաձայնագիր են ստորագրել տնտեսական համագործակցության մասին։ Այս առումով Հունգարիայի արտգործնախարարը շեշտեց, որ անցյալ տարի երկու երկրների միջև տնտեսական զարգացումը և շրջանառությունը հասել է 70 տոկոսի։ Հունգարական երկու դեղագործական ընկերություններ՝ «Ռիխտերն» ու «Էգեսը» ակտիվ են գործում Հայաստանում։

Հունգարիայի արտգործնախարարը տեղեկացրեց, որ նպատակ կա այս տարվա հուլիսից ուղիղ չվերթներ գործարկել Բուդապեշտի ու Երևանի միջև, խոսեց Հայաստանում նորաստեղծ ընտանիքներին 183 ֆորինթ (վենգրիական արժույթ) հատկացնելու նպատակների մասին։

Հիշեցնենք, սակայն, որ մոտ 10 օր առաջ տեղեկություններ հայտնվեցին, որ Հունգարիան արգելափակել է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։ Այս մասին ոչինչ չխոսվեց ասուլիսի ժամանակ։

Հայաստանն ու Հունգարիան դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին հայտարարեցին 2022թ.: Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ընդհատվել էին հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին գաղտնի ընթացակարգով Ադրբեջանին արտահանձնելուց հետո՝ 2012 թվականին։

Forgot Password

Register