Բաժիններ

Շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

Շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ. Նիկոլ Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին:

Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարությանը, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել, ասաց, որ Օվերչուկի խոսքերի մեջ չկա մի բան, որը ինքը կցանկանար սբագրել:

Ըստ վարչապետի՝ այդ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին, որոնք ցույց կտային, որ, չնայած աշխատանքային խմբի այլ բովանդակությանը, բայց տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: «Այս «միջանցքի» խոսույթն ի՞նչ խոսույթ է: Նաև «Արևմյան Զանգեզուր» խոսույթը, եթե կա Արևելյան Զանգեզուր, նշանակում է, որ նաև Արևմտյան Զանգեզուր, դա ի՞նչ խոսույթ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ընթերցանությունը: Փաշինյանը հարցրեց՝ հրապարակային փաստաթուղթ է, դժվա՞ր է բացել կարդալ:

Իսկ, թե ինչ է Հայաստանի ասածը՝ Փաշինյանն ընդգծեց այն է, ինչ Օվերչուկն ասել է:

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ շատ ենք ուզում: Որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ ունենք նախագծի անուն՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծ: Սա մենք ասում ենք՝ ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը: Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն: Ո՞րն է սկզբունքային համաձայնությունը. Այսինքն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Կա այդ սկզբունքային համաձայնության վերծանություն: Դա նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային հսկողություն, մաքսային հսկողություն: Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում: Ի՞նչ է նշանակում մեխանզիմների բացահայտումը. անձնագրային հսկողությունն ինչպես պետք է արվի, մաքսային հսկողությունն ինչպես պետք է արվի»,-ասաց Փաշինյանը:

 

Վարչապետի խոսքով՝ այս ամեն ինչի վերաբերյալ սկզբունքորեն Ադրբեջանն էլ աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում: Սակայն, ըստ նրա, կան նրբություններ:

«Օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ, քանի որ այսպիսի սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ: Մենք ասում ենք, որ մենք էլ չենք ուզում, հաշվի առելով կոնֆլիկտային իրավիճակը՝ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի Ադրբեջանի սահանապահի և մաքսավորի հետ: Ինչպե՞ս լուծենք այս հարցը: Մենք այդ հարցի լուծման ինստիտուցիոնալ հնարավորություն ունենք, որ, օրինակ, սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ: Ադրբեջանի պարագայում այս սկզբունքը կխախտվի, այնտեղ էլ են կանգնելո՞ւ ռուս սահանապահներ․ եթե ադրբեջանցի սահմանապահներ են կանգնելու, նշանակում է, որ սկզբունքը կխախտվի»,-ասաց Փաշինյանը:

 

Նա հավելեց՝ հայկական կողմը լուծում է առաջարկել: «Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պաշտոնապես է ասում:

Նա հավելեց՝ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրան, թե ոչ, եթե համաձայն է, ապա կարելի է գնալ այդ լուծմանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ անձնագրերի մեջ դրոշմ չլինի՝ ասաց, որ, այո, կարող է: Կա տարբերակ, որ մուտք գործելիս կտրոն է տրվում, ելքից կտրոնը հանձնվում է, և դրանով գործընթացներն իրականացվում են: Ըստ վարչապետի՝ կարծես թե կա համաձայնություն, որ ճանապարհային վճարը պետք է վճարվի: Պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը պետք է արգելվի:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան հակառուսական չի եղել, պետք չէ հակառուսական կոնտեքստ տալ․ այցը եղել է հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանն ուղղված քայլ, և պետք չէ թերագնահատել ալդ քայլը։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում:

«Տրամաբանության շարքը չեմ կարող հասկանալ․ Ներկայացուցիչների պալատի խոսնակի այցը ի՞նչ կապ ունի որևէ տրամադրության հետ: Ամերիկյան պաշտոնայները միշտ էլ գալիս են Հայաստան»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Փելոսիի պատվիրակությունը Հայաստան չի եկել ինչ-որ մեկի դեմ:

«Արդյոք քննարկվե՞լ են  հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման հարցերը, այո, իհարկե, քննարկվել են: Հիշեցնեմ, որ 2019 թվականին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսություն է սկսվել: Նկատի ունեմ, սա պետք չէ ընկալել, որպես առանձին վերցրած իրադարձություն: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այդ այցը շատ կարևոր և մեծ իրադարձություն էր: Ինչո՞ւ, որովհետև Նենսի Փելոսին երբևէ Հայաստանի Հանրապետություն այցելած ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է: Ուզում եմ ուշադրության հրավիրել, որ այցը ոչ թե տարածաշրջանային էր, այլ հատկապես այց էր Հայաստանի Հանրապետություն: Ասվեց նաև, որ դա գնահատանք է Հայաստանի ժողովրդավարությանը: Չէի ուզենա, որ այցին հակառուսական կոնտեքստ տանք, որովհետև այն հակառուսական չի եղել»,- եզրափակեց Փաշինյանը:

 Հայաստանը առավելագույն հնարավոր գործնական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ:

 Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Թեհրանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարությունների մասին:

Հարցազրույցավարի հարցը հետևյալն էր, որ ադրբեջանական ագրեսիայից հետո Իրանը ՀՀ տարածքային ամբողջականությանը պաշտպանող բազմաթիվ հայտարարություններ է արել, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Իրանի այդ դիրքորոշման հիման վրա խորացվի հայ-իրանական գործակցությունը: Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տված գնահատականների միջև՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ առումով ամենակարևորը հստակ քաղաքական դիրքորոշման ձևակերպումն է, քանի որ գործողությունները բխում են քաղաքական դիրքորոշման ձևակերպումից:

«Եթե չկա հստակ քաղաքական դիրքորոշում՝ գործողություններ նույնպես չեն կարող լինել: Այդ առումով մենք Իրանի հետ շատ սերտ համագործակցում ենք: Դուք տեսաք, որ նաև Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ: Մենք շատ երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք: Մենք շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ են լինում, հեռախոսազրույցներ են լինում, և մենք, իհարկե, շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունների զարգացմամբ և մենք փորձում ենք դրան ուղղված առավելագույն հնարավոր գործնական քայլեր ձեռնարկել», - պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Forgot Password

Register