Բաժիններ

Պետք է դե յուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա իրականացնենք սահմանազատում և սահմանագծում. Փաշինյան

Պետք է դե յուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա իրականացնենք սահմանազատում և սահմանագծում. Փաշինյան

Բարձր և բարձրագույն մակարդակում Մոսկվայի այլ դիրքորոշման չենք հանդիպել, բայց կարևոր է, որ ՌԴ բոլոր օղակները գործեն այդ տրամաբանության շրջանակներում և գործեն այնպես, որ ՌԴ պաշտոնապես հրապարակվող դիրքորոշումներից տարբերվող գործողությունների տպավորություն չթողնեն: Այս մասին, անդրադառնալով «միջանցքի» վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարությաններին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Մենք պատրաստ ենք ճանապարհ բացել. մենք ուզում ենք դա, և որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, անուն ունենք նախագծի՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծը: Ինչո՞ւմ է պրոբլեմը. ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որի տարածքում են:

Եթե մենք համարում ենք դա մեր նախագիծը, պետք է շահագրգռված լինել ամենակարճ և արդյունավետ երթուղին ունենալ, որպեսզի միջազգային հոսք սկսի այդ ճանապարհով, Հայաստանն էլ այդ տրանզիտային հոսքերից հնարավորին մեծ եկամուտներ ունենա»,- նշեց Փաշինյանը:

Ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցի արդյունավետությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին, պատասխանեց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնյա է, որը կատարում է Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարությունը՝ գալ, տեղում իրավիճակը գնահատել և իր գնահատականը ներկայացնել:

«Երեկ հանդիպում ենք ունեցել, ինքը ներկայացրել է, թե ինչ եզրակացությունների է հանգել, ես այդ եզրակացությունների համատեքստում մեր դիտողություններն ու առաջարկություններն եմ ներկայացրել, մեծ հաշվով, որոշումները ոչ թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է ներկայացնում, այլ Հավաքական անվտանգության խորհուրդը:

Խորհրդի գնահատականներից է կախված, որովհետև մեր առաջարկությունները և դիտողությունները, իհարկե, ունենք: Բայց շատ կարևոր է՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական ձևակերպելո՞ւ է այս իրավիճակի վերաբերյալ, թե՞ ոչ, այսինքն՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը պիտի արձանագրվի՞, և դրա վերացման հստակ ճանապարհային քարտեզ պետք է ներկայացվի»,- ասաց վարչապետը:

2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի համաձայն` խաղաղապահները 5 տարի մնում են Արցախում, ապա հեռանում. կա՞ սցենար` ինչպես են Արցախում իրադարձությունները զարգանալու, եթե Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահ առաքելությունից:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց հետևյալը. «Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ այդ ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է՝ եթե վեց ամիս առաջ կողմերից մեկը չի առարկում, այսինքն` մեխանիզմը ինքնաբերաբար երկարացումն է: Մեր դիրքորոշումն այն է, որ ԼՂ հայության անվտանգությունն ու իրավունքները պետք է ապահովվեն, այս դեպքում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունն այդ նպատակով է, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այդ գործառույթը՝ անվտանգության և իրավունքների ապահովումը, տեղի ունենա և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվի»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի նախագահի հետ շփումներում արծարծվո՞ւմ է Արցախի հարցը, վարչապետը պատասխանեց.

«Մենք քննարկում ենք այդ հարցը, բայց կան նրբություններ, բարդություններ, այնպես չէ, որ դա պարզ քննարկում է: Ես արդեն ասացի, որ, ինչպես նախկինում, և դա ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, կա իրավիճակ, երբ Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի հետ չեն ուզում Ղարաբաղի հարց քննարկել, բայց, իհարկե, կոնտեքստում և քննարկումներում այդ հարցը միշտ ներկա է»:

Մեր դիրքորոշումն այն է, որ պետք է դե յուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա իրականացնենք սահմանազատում և սահմանագծում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցերին: 

Դիտարկում արվեց, որ Ադրբեջանը 19-րդ դարի քարտեզներն է հիմք բերում, Հայաստանը խոսում է խորհրդային շրջանի քարտեզների մասին:

«Ադրբեջանն ի՞նչ է մեջբերում: Անհասկանալի է նրանց խոսքը: 19-րդ դարում Ադրբեջա՞ն է եղել, որ մի հատ էլ Ադրբեջանի քարտեզ լինի: Եթե այդ խոսույթը չլիներ, խաղաղության պայմանագիրը հիմա ստորագրված կլիներ:

Եթե ընդունում ենք 1991 թվականի դեկտեմբերի 18-ի իրավական ուժ ունեցող փաստաթուղթը, սա նշանակում է, որ դելիմիտացիան կարելի է շատ արագ անել, որովհետև այն քարտեզի վրա նշումն է: Դեմարկացիան արդեն այլ խնդիր է, որովհետև կարող է համապատասխան կոռեկցիաներ արվեն»,- ասաց վարչապետը:

 

Թե Ադրբեջանն ինչ քարտեզների մասին է խոսում, վարչապետի խոսքով, ոչ ոք չգիտի:

Forgot Password

Register