Բաժիններ

Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը

Փաշինյանը կմասնակցի ԵՄ գագաթնաժողովին, չի բացառվում Էրդողանի հետ հանդիպումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տարածաշրջանում երթուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցին: Փաշինյանն անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարությանը, որ փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի բանակցություններում ոչ մի «արտատարածքային միջանցքի» մասին, որը որևէ կերպ կխախտի կողմերից որևէ մեկի ինքնիշխանությունը, խոսք չկա և չի կարող լինել, ասաց, որ Օվերչուկի խոսքերի մեջ չկա մի բան, որը ինքը կցանկանար սբագրել:

Ըստ վարչապետի՝ այդ հարցը վաղուց լուծված կլիներ, եթե Ադբեջանի կողմից շարունակաբար ագրեսիվ հայտարարություններ չարվեին, որոնք ցույց կտային, որ, չնայած աշխատանքային խմբի այլ բովանդակությանը, բայց տողերի տակում Ադրբեջանը փորձում է տեղադրել տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: «Այս «միջանցքի» խոսույթն ի՞նչ խոսույթ է: Նաև «Արևմյան Զանգեզուր» խոսույթը, եթե կա Արևելյան Զանգեզուր, նշանակում է, որ նաև Արևմտյան Զանգեզուր, դա ի՞նչ խոսույթ է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը շատ կարևորեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի ընթերցանությունը: Փաշինյանը հարցրեց՝ հրապարակային փաստաթուղթ է, դժվա՞ր է բացել կարդալ:

Իսկ, թե ինչ է Հայաստանի ասածը՝ Փաշինյանն ընդգծեց այն է, ինչ Օվերչուկն ասել է:

«Մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ շատ ենք ուզում: Որպեսզի մեր ցանկությունը հստակ արտահայտվի, մենք նույնիսկ ունենք նախագծի անուն՝ «Հայկական խաչմերուկ» նախագիծ: Սա մենք ասում ենք՝ ցույց տալու, որ այս գործը համարում ենք մեզ համար կարևոր, մեր սեփականը: Ճանապարհների օգտագործման իրավական ընթացակարգերի շուրջ պետք է համաձայնություն տեղի ունենա: Կա սկզբունքային համաձայնություն: Ո՞րն է սկզբունքային համաձայնությունը. Այսինքն, որ ճանապարհները գործում են այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են: Կա այդ սկզբունքային համաձայնության վերծանություն: Դա նշանակում է, որ սահմանին պետք է լինի սահմանային հսկողություն, մաքսային հսկողություն: Եվ կա այս վերծանության մեխանիզմների բացահայտում: Ի՞նչ է նշանակում մեխանզիմների բացահայտումը. անձնագրային հսկողությունն ինչպես պետք է արվի, մաքսային հսկողությունն ինչպես պետք է արվի»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ այս ամեն ինչի վերաբերյալ սկզբունքորեն Ադրբեջանն էլ աշխատանքային մակարդակով առարկություն չի ներկայացնում: Սակայն, ըստ նրա, կան նրբություններ:

«Օրինակ՝ Ադրբեջանն ասում է, որ, քանի որ այսպիսի սուր կոնֆլիկտային իրավիճակ է, իրենք չեն ուզում, որ Հայաստանի սահմանն անցնելիս Ադրբեջանի քաղաքացին առնչվի Հայաստանի սահմանապահի և մաքսավորի հետ: Մենք ասում ենք, որ մենք էլ չենք ուզում, հաշվի առելով կոնֆլիկտային իրավիճակը՝ չենք ուզում, որ Հայաստանի քաղաքացին Ադրբեջանի սահմանը հատելիս առնչվի Ադրբեջանի սահանապահի և մաքսավորի հետ: Ինչպե՞ս լուծենք այս հարցը: Մենք այդ հարցի լուծման ինստիտուցիոնալ հնարավորություն ունենք, որ, օրինակ, սահմանին կարող են կանգնել ռուս սահմանապահներ: Ադրբեջանի պարագայում այս սկզբունքը կխախտվի, այնտեղ էլ են կանգնելո՞ւ ռուս սահանապահներ․ եթե ադրբեջանցի սահմանապահներ են կանգնելու, նշանակում է, որ սկզբունքը կխախտվի»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ հայկական կողմը լուծում է առաջարկել: «Մենք ասել ենք՝ եկեք, օրինակ, սահմանի վրա մաքսային և սահմանապահ ծառայությունները Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար Հայաստանը և Ադրբեջանը արտապատվիրակեն: Եվրոպայում էլ հիմա կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողությունն իրականացնում է ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում, իրենք են այդ գործառույթն իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա պաշտոնապես է ասում:

Նա հավելեց՝ պարզ չէ՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրան, թե ոչ, եթե համաձայն է, ապա կարելի է գնալ այդ լուծմանը:

Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է արդյոք այնպես լինել, որ անձնագրերի մեջ դրոշմ չլինի՝ ասաց, որ, այո, կարող է: Կա տարբերակ, որ մուտք գործելիս կտրոն է տրվում, ելքից կտրոնը հանձնվում է, և դրանով գործընթացներն իրականացվում են: Ըստ վարչապետի՝ կարծես թե կա համաձայնություն, որ ճանապարհային վճարը պետք է վճարվի: Պետք է լինեն նաև ապրանքներ, որոնց տարանցումը պետք է արգելվի:

«Մեր դիրքորոշումն այն է, որ մենք պետք է դեյուրե նշանակություն ունեցող հիմքերի վրա իրականացնենք սահմանագծումն ու սահմանազատումը»,- ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Իրենք ի՞նչ են մեջբերում՝ անհասկանալի է մեզ համար. 19-րդ դարում Ադրբեջա՞ն է եղել, որ մի հատ էլ 19-րդ դարի քարտեզ լինի»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե Ադրբեջանի այդ խոսույթը չլիներ, հիմա խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ:

Այս պահի դրությամբ Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հնարավոր հանդիպումը ո՛չ հաստատված է, ոչ էլ բացառված։

«Ե՛վ մեր, և՛ թուրքական կողմը չենք բացառել իմ եւ Էրդողանի հանդիպումը։ Չբացառել նման հանդիպումը դեռեւս չի նշանակում, որ հանդիպումը կկայանա, բայց չի էլ նշանակում, որ չի կայանա։ Կախված է մի քանի հանգամանքներից։ Կա ԵՄ-ի կողմից կազմակերպված միջոցառում, որտեղ հրավիրված ենք և՛ Թուրքիան, և՛ մենք։ Ե՛վ մենք, և՛ իրենք պետք է որոշենք այդ գագաթաժողովին մասնակցելու վերաբերյալ կամ մասնակցության ձեւաչափի վերաբերյալ, եւ մասնակցելու դեպքում հանդիպումը կկայանա, թե՝ ոչ, այլ խնդիր է։ Ես Պրահա մեկնելու որոշում ունեմ, պատրաստվում եմ մասնակցել գագաթաժողովին, իսկ հանդիպումն այս պահին կարող եմ ասել, որ բացառված չէ։ Բայց չեմ էլ կարող ասել, որ հաստատված է»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն սահմանների բացում, հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հարցին, թե կքննարկվի՞ Արցախի հարցը, Փաշինյանը պատասխանեց.

«Երբ որ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկվեն, շատ հարցեր կքննարկվեն։ Դա կախված է նաև մեր զրույցից։ Դա մեր առաջին հանդիպումն է լինելու, եւ հարցերը կախված են այն բանից, թե ինչպես կգնա հանդիպումը»:

Փաշինյանը նշեց, որ որեւէ ազդակ կամ պայմանավորվածություն չկա, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները դադարում են, բայց այս պահի դրությամբ հաջորդ հանդիպման վայր եւ ժամ պայմանավորված չէ։

Forgot Password

Register