
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքների եթերում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ հնչող հռետորաբանությամբ։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ` միաժամանակ նշելով, որ մամուլի ազատությունը սահմանափակել հնարավոր չէ։
«Երկրի, ժողովրդի, պետության թիրախավորումը շատ տհաճ պրոցես է։ Այս հարցը պարբերաբար քննարկում ենք ռուս գործընկերների հետ և ստանում ենք արձագանք` մամուլն ազատ է, և դրա ազատությունը սահմանափակել չենք կարող»,– ասաց ՀՀ վարչապետը և հավելեց, որ այդ դիրքորոշումը Հայաստանն ի գիտություն ընդունել է, սակայն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքները։
«Ռուսական կողմն էլ է այդ հարցը բարձրացնում, և մենք պատասխանում ենք, որ Հայաստանում մամուլը նույնպես ազատ է, ու դա այդպես է»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով` այս բոլոր հարցերը լրացուցիչ բարդություններ են ստեղծում, սակայն ՀՀ–ում չեն պատրաստվում սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը։
Այս համատեքստում նա նշեց, որ շուտով Հայաստանում հայ-ռուսական մեդիաֆորում է անցկացվելու, և լրագրողներին հորդորեց հարցը հնչեցնել պրոֆիլային քննարկումների ժամանակ: