Բաժիններ

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկու օրից պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Փաշինյան

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները երկու օրից պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները. Փաշինյան

Արդյոք շարժվո՞ւմ ենք Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան գործընթացների առանձնացման ճանապարհով: Այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արցախի նախագահի հետ մշտական հաղորդակցության մեջ են, այս հարցը շատ են քննարկել, վերլուծել, եկել են եզրակացության, որ օբյեկտիվորեն ճիշտ ընթացքը դա է:

«Ինձ համար շատ դժվար է, միշտ էլ դժվար է եղել: Արցախի ժողովրդի համար էլ, ամեն անգամ, երբ բանակցային փուլ է սկսվում, այնտեղ լարվածություն է առաջանում` «մեր թիկունքի հետևում գործարք է տեղի ունենում», թեպետ ասել ենք՝ Արցախի թիկունքում երբեք բան չենք անի: Այո՛, երբեմն Ադրբեջանն ասում է` մենք չենք ուզում Հայաստանի հետ Արցախի հարց քննարկել, և սա նոր դիրքորոշում չէ Ադրբեջանի համար, մենք էլ ասում ենք` շատ լավ, եթե կա այդ լարվածությունը, քննարկեք Ղարաբաղի հետ, և կարծես այս մոտեցումը ԼՂ-ի համար էլ կարող է լինել ընկալելի»,- ասաց նա:

Վարչապետը նշեց` այն, ինչ ասում է, տեսակետներ, մոտեցումներ են, որ պետք է դեռ նախնական քննարկումներով անցնեն, վերջնականանան:

«Ինձ և բոլորի համար արձանագրում եմ՝ երկու օրից ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, որը բանակցությունների և շփումների ընթացքում դեռ պետք է ինչ-որ տեքստ ստանա, որը եթե լինի ընդունելի՝ կստորագրենք»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանի իշխանությունները համաձայն են Հայաստանի հետ առանձին բանակցել, Արցախի հետ առանձին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ բանակցությունների կոնֆիդենցիալ հատվածներին:

«Դա հընթացս կտեսնենք բոլորս: Բայց ես ուզում եմ նաև մի նրբություն ասել, որ միշտ եղել է բանակցային բովանդակության ամենամեծ խնդիրը: Կան նրբություններ, ձևակերպումներ և կետեր, որոնք Ադրբեջանը նույն իրավիճակը յուրովի է մեկնաբանում, Հայաստանը՝ յուրովի: Մեր խնդիրն է այնպես անել, որ մեկնաբանությունները լինեն նույնական»,- ասաց վարչապետը:

Forgot Password

Register