
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է տարանջատվի Արցախի հարցից, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասել է, որ այսօր սեղանին չկա ստորագրման պատրաստ փաստաթուղթ և հավելել, որ Ժնևում կայանալիք հանդիպման ժամանակ երկու երկրների արտգործնախարարները կսկսեն առարկայական բանակցություններ խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ։
«Մինչև այս պահը չի եղել սեղանին դրված տեքստ, որը մենք պետք է կամ ստորագրենք, կամ չստորագրենք: Առարկայական տեքստ եղել է կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել, բնականաբար մենք այդ պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել, ցավոք, դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք շարունակում ենք աշխատել՝ փորձելով մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որը ընդունելի կլինի դիմացի կողմի համար»,- ասել է Փաշինյանը:
«Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչում»,-անդրադառնալով խաղաղության պայմանագրի բովանդակությանը՝ նշել է Փաշինյանը:
Հարցին, թե Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի հետ, թե առանց Արցախի, վարչապետ Փաշինյանն ասել է որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը պետք է տարանջատվի Արցախի հարցից։
«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել: Կա հետևյալ նրբությունը. մենք կարծում ենք, որ այո, Հայաստանը և Ադրբեջանը պիտի ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ ԼՂ հարցի շահառուն պիտի լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»,- նշել է նա:
«Մենք 2018 թվականից ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հիմնական բանակցող կողմը պետք է լինի Լեռնային Ղարաբաղը, և մենք շարունակում ենք այդպես մտածել»,- հավելել է նա։