Բաժիններ

Եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ. Փաշինյան

Եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ. Փաշինյան

Որքանո՞վ է կարևոր բանակցային ֆիգուրը, արդյոք այն կարո՞ղ է իրավիճակ փոխել: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

«Իհարկե կարևոր է, այն կարող է իրավիճակ փոխել, և, օրինակ՝ 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց: Իմ կարծիքն է` եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար, կամ գործընթացից ՀՀ-ն դուրս մնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց՝ բանակցողի դերը կարևոր է, նշեց` այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թ., Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991 թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ Անկախության հռչակագիրը:

«Մենք այսօր հասկանում ենք, չէ՞, ինչ կոնյունկտուրա է ձևավորվել, ու դա նոր չի ձևավորվել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով օրեր առաջ երկրորդ նախագահի առաջարկությանը, որ մեր առջև ծառացած ծանր իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցողի՝վարչապետի փոփոխություն, այսինքն՝ մասնակի իշխանափոխություն, հակադարձեց, որ այդպիսի կոչ անող նախագահը ինքն է 1998 թվականին Արցախը դուրս թողել բանակցությունից. «Իմ համոզմունքն է, որ եթե Լեռնային Ղարաբաղը դուրս չմնար բանակցություններից այն ժամանակ,նույնիսկ եթե Հայաստանը դուրս մնար, Արցախի հիմնախնդիրը հիմա լուծված կլիներ։ Իհարկե, բանակցողի դերը շատ կարևոր է»,-նշեց վարչապետը:

 Ըստ նրա՝ բանակցողի դերի կարևորությունը երևացել է ոչ միայն 98 թվականին, այլ հատկապես 2007 թվականին, երբ նույն նախագահի կառավարությունը, ընդունելով Մադրիդյան սկզբունքները, զրոյացրին 1991 թվականի Արցախի հանրաքվեն և 1990 թվականի Հայաստանի անկախության հռչակագրի Արցախի հետ կապված դրույթները:  
 
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն -Տեր Պետրոսյանի կարծիքին՝ վարչապետը նշեց, որ բանակցողի դերը կարևոր է այն առումով, որ բանակցողի գուրծունեության արդյունքում չունենանք այնպիսի հետևանք, որ հայտնի առածի՝ «Մի հիմար քարը փոսը գցեց, 10 խելոք չկարողացան բարձրացնել» արտահայտած միտքը կատարվի:

Անդրադառնալով այն թեմային, որ հնդկական մամուլում լուրեր են շրջանառվում Հնդկաստանից Հայաստանի զենք գնելու մասին Նիկոլ Փաշինյանը շեշտեց․ 

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որ ես կուզենայի հրապարակային քննարկել: Բայց այն հրապարակումները, որ եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել: Որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել: Ուզում եմ, որ մեր հանրությունն իմանա՝ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում մեր համագործակցության շրջանակն ընդլայնելու համար: Դա հեշտ գործ չէ:

Մարդիկ կան, որ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք սա արեցինք, այն արեցինք, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ: 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չէ շփոթել»,- ասաց վարչապետը:

Ադրբեջանը, բոլոր պայմանավորվածություններին հակառակ, դեռ չի վերադարձրել հայ գերիներին, ո՞րն է պատճառը: Այս հարցին անդրադառնալով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի ցանկանում այնպիսի պատասխան տալ, որ ավելի չխանգարի կամ բարդացնի գերիների վերադարձի գործը:

«Դա այն հարցերից է, որ մեր ամենօրյա աշխատանքի թեմաներից է: Ես նաև նախկին փորձից գիտեմ, օրինակ՝ երբ ես Վլադիվոստոկում էի, գերիներից հարց տվեցին, ասացի՝ թույլ տվեք՝ ոչինչ չասեմ, հաջորդ օրը հինգ գերի վերադարձավ, ես գիտեի, բայց եթե հայտարարեի, գուցե բարդություն առաջանար: Ես ոչ թե բան չունեմ ասելու այս թեմայով, ասված ցանկացած բան շատ տեղեկատվություն կտա հանրությանը, բայց ոչ մի օգուտ չի տա մեր գործին, մեծ հավանականությամբ, վնաս կտա»,- նշեց Փաշինյանը: 

Forgot Password

Register