
Որքան սուր է իրավիճակը, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք հավատալ «խաղաղության դարաշրջան բացելու» իր գաղափարին՝ նկատի ունենալով նաև ընդդիմության գնահատականները:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի այն գնահատականը, թե գործող վարչապետի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում «խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստն էր», տրամաբանական սխալ ունի իր մեջ:
«Հոգեհանգստի համար կա պարտադիր պայման՝ ինքը ծնված, հասունացած, տարիքը առած և մահացած պետք է լինի: Չի կարելի խոսել մի երևույթի հոգեհանգստի մասին, որ դեռ չի ծնվել: Մեր ամբողջ խնդիրը և նպատակը եղել է և շարունակում է մնալ այն, որ Հայաստանի շուրջ և տարածաշրջանում բացվի խաղաղության դարաշրջան, և մենք այդ խնդիրը ձևակերպել ենք իրագործելու համար», - պատասխանեց վարչապետը:
Սեպտեմբերի 28-ին հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծիք էր հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «խաղաղության դարաշրջանի հոգեհանգիստն էր»:
Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքայյին ամբողջականության ճանաչումը: Այդ մասին, պատասխանելով Հանրային հեռուստաընկերության՝ խաղաղության պայմանագրի բաղադրիչների վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հիմքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման: Սա մի կոմպոնենտն է խաղաղության պայմանագրի: Ադրբեջանից արձագանք չկա, որ այդ կետի վրա ստորագրենք խաղաղության համաձայնագիր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց դելիմիտացիան այդ հենքը ճանաչելու դեպքում շատ արագ կարելի է իրականացնել:
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտն այն է, որ սահմանից զորքերը պետք է հետ քաշվեն և սահմանային անվտանգության երաշխավորման մեխանիզմ պետք է գործի, բացի այդ՝ միջազգային դիտորդական մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի սահմանային անվտանգության միջազգային երաշխավորությունը: